Խոշոր ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը
Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին բախվել են Toyօta Camry մակնիշի 131 HH 11 համարանիշի, Nissan March մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Վթարի մասին ոստիկանության Արագածի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու Հրանտ Այվազյանն էր:
Կայքը հայտնում է նաև, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ ճանապարհը սպասարկող ճանշինը կարծես թե ոչ մի աշխատանք չի կատարել՝ ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ: