Լավագույն հետախուզական ծառայությունները գործում են գաղտնի, նշանակման լուրը ներքին լսարանի համար է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը անդրադարձել է Փաշինյանի՝ Հրանտ Ջիլավյանին Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին որոշմանը․
«Փաշինյանն Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ է նշանակել ոմն Հրանտ Ջիլավյանին:
Այս նորությունը մարսելու համար մի կարճ տեղեկանք: Լավագույն հետախուզական ծառայություններից մեկը, բրիտանական MI6-ը, ստեղծվել է կառավարության կառուցվածքում 1909 թվականին, 1919-ին այն ենթարկվում է արտգործնախարարությանը և դրա ղեկավարը միաժամանակ համարվում է փոխարտգործնախարար: Մինչև 1994 թվականը նման կառույցի առկայությունը Բրիտանիայի կառավարությունը հերքում էր: Այսինքն, այն գործում էր գաղտնի կերպով, ինչը հասկանալի է, անգամ այդ կառույցի տեղակայման մասին ինֆորմացիան գաղտնի էր պահվում:
Նույնը կարելի է ասել նմանատիկ այլ կառույցների մասին: Օրինակ, երկար ժամանակ ГРУ-ի գոյությունը նույնպես գաղտնի էր, մինչև որ այն չբացահայտվեց:
Հիմա, դեռ կառույց չստեղծված, կառույցի ղեկավար կազմի նշանակման մասին մամուլով տեղեկատվություն է տարածվում:
Միակ հնարավոր իմաստը երևի ներքին լսարանն է, ցանկանում են ցույց տալ, որ աշխատում են ու անգամ հետախուզության ծառայություն են ստեղծում:
Եթե դրսում գործող գործակալների անուններն ու կենսագրություններն էլ հրապարակեն, այ դա արդեն ավել համոզիչ կլինի, վստահ կլինենք, որ իսկականից գործ են անում»,- գրել է քաղաքագետը: