Սեպտեմբերից պայքարը լինելու է, ամեն ինչ մտածված է, իրենք չեն կարողանալու տրանսպորտը թանկացնել. Հայկ Մարության
Մեր թիմը ոչ մի բանով չի տարբերվում 10 տարի առաջվա մեր թիմից: Մեր շուրջը հավաքված են մարդիկ նույն մարդիկ, որոնք միշտ պայքարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` պատասխանելով հարցին, թե արդյոք պայքարելու են տրանսպորտի թանկացման դեմ:
«Ես և′ պարոն Սիմոնյանին, և′ պարոն Փաշինյանին արդեն նախօրոք հրավիրել եմ պայքարին միանալու, ոնց որ էն ժամանակ, կհիշեք 2013 թվականին տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ժամանակ և′ Սիմոնյան Ալենը, և′ Փաշինյան Նիկոլը եկան, միացան իմ և ընկերներիս կազմակերպած պայքարին»,- ասաց Մարությանն` ընդգծելով, որ սեպտեմբեր ամսին, երբ արդեն թանկացումներն ուժի մեջ կմտնեն, կսկսեն բողոքի ակցիաները:
Նա նշեց, որ պայքարի մեթոդն այնպիսին է, որ դու պետք է սկսես պայքարել, երբ որ արդեն որոշումը սկսում է գործել:
«Սեպտեմբերից պայքարը լինելու է, և ես ձեզ ուզում եմ վստահեցնել, խոսք եմ տալիս, որ նախ մեր թիմը և ես անձամբ լծվելու ենք այս պայքարին և երևանցիները թույլ չեն տալու, իրենք չեն կարողանալու տրանսպորտը թանկացնել: Սա կտեսնեք, և դա ցույց կտանք, կապացուցենք երևանցիներին: Ոստիկանական ուժերը չեն կարող ճնշել: Սա ցրված պայքար է: Ամեն ինչ մտածված է»,- ասաց Մարությանը:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի՞ մեթոդներով են պայքարելու, Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակիցն ասաց, որ այդ մեթոդներն ինքն էր մշակել 2013 թվականին: