«Խաղաղության» պատրաստվողները. Ադրբեջանը ծառայության է ընդունել «Ակընջի» հարվածային ԱԹՍ-ներ, Ալիևն էլ հետևել է դրանց թռիչքներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա որդի Հեյդար Ալիևն այցելել են ռազմաօդային ուժերի ռազմական օբյեկտներ և հետևել են վերջերս ծառայության ընդունված «Ակընջի» հարձակողական ԱԹՍ-ների թռիչքներին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զեկույց է ներկայացրել Ալիևին։ Երկրի ղեկավարը ծանոթացել է անօդաչու թռչող սարքերի ակադեմիայի պայմաններին։
Զաքիր Հասանովը և թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը Իլհամ Ալիևին տեղեկացրել են ակադեմիայում ստեղծված պայմանների և անօդաչու թռչող սարքերի մասին։ Նշվել է, որ այստեղ ստեղծված են բոլոր պայմանները զինվորականների պատրաստման համար։ Ակադեմիան հագեցած է բոլոր տեսակի անհրաժեշտ տեխնոլոգիաներով և ժամանակակից չափանիշներին համապատասխանող սարքավորումներով:
«Ակընջի» գրոհային անօդաչու թռչող սարքի թռիչքը դիտարկելուց հետո, հասնելով կառավարման կենտրոն, Իլհամ Ալիևը իրականացրել է անօդաչու թռչող սարքի գործնական հսկողություն։ ԱԹՍ-ի վայրէջքը դիտելուց հետո Ադրբեջանի նախագահը ստորագրել է անօդաչու թռչող սարքի վրա՝ որպես հուշանվեր։
Այնուհետեւ Իլհամ Ալիեւը ստուգել է անգարային համալիրները։ Անգարները նախատեսված են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև սպասարկման և այլ ավիացիոն սարքավորումների համար ընդունված «Ակընջի» հարվածային անօդաչուների պահպանման համար։ Ալիևը ծանոթացել է հարվածային «Ակընջիին» և օդային ռումբերին:
* * *
Մնում է հասկանալ միայն, թե ում դեմ են ուղղվելու հարվածային այս անօդաչուները, եթե այդ երկրի ղեկավարությունը գոնե թե ձևացնում է, որ պատրաստվում է խաղաղության Հայաստանի հետ, իսկ նույն Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևն էլ հենց այսօր առավոտյան էր ասել, թե «Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է», ու դժգոհել, թե չպետք է լինեն երկակի ստանդարտներ: Երկակի ստանդարտների չեմպիոնները երկակի ստանդարտներից են բողոքում: