Հայաստանում քաղաքական «փազլը» չի հավաքվում․ առողջ միտքը հանրությանը հասանելի դարձնելու լուրջ խնդիր կա․ Գոռ Գևորգյան
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում քաղաքական «փազլը» չի հավաքվում։ Այս մասին «Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց արևելագետ Գոռ Գևորգյանը։
Նրա գնահատմամբ, Հայաստանը գտնվում է շատ բարդ ու տարածաշրջանային տեկտոնայան հորձանուտում և այս համատեքստում շատ էական է, որ պետության գործող ղեկավարությունն ունենա շատ հստակ ձևակերպված նպատակ։ Ըստ Գոռ Գևորգյանի` եթե չկա այդ նպատակը, ապա կմտնենք փակուղի։
«Հայաստանի հանրապետությունը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում»,- ասաց արևելագետը։
Նա հարցադրում արեց, թե, օրինակ, ինչու Ադրբեջանում հենց այս ժամանակահատվածում արտահերթ ընտրություններ արեցին։
«Ո՞վ սրա մասին կարող է անկեղծ խոսել»,- ասաց նա ու հավելեց, որ կան մարդիկ, ովքեր Հանրային հեռուստատեսությունից բացի ուրիշ եթեր չեն նայում։
«Սա խնդիր է․ ինչո՞ւ, որովհետև ցանկացած պետության տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններն ինքնանպատակ չեն։ Օրինակ` Ալիևի ընտրությունները․ ինչո՞ւ դրանք եղան, ինչպե՞ս եղան։ Այս հարցերը պետք է հստակ վերլուծել։ Այսինքն՝ առողջ միտքը հանրությանը հասանելի դարձնելու լուրջ խնդիր կա»,- ասաց նա։
Գոռ Գևորգյանի գնահատմամբ` հասարակությունը երկփեղկված է և չի կարողանում կողմնորոշվել։