Հայկական կողմը ձգձգում է բանակցությունները. Միխայիլ Եվդոկիմով
Ադրբեջանական կողմի համար շատ կարևոր է Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքի հարցը։
Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ բոլոր հաղորդակցությունները ընդհատվել են, իսկ Նախիջեւանի էլեկտրամատակարարումը դադարեցվել է։ Ուստի Ադրբեջանի համար երթուղու անվտանգությունը վերացական թեմա չէ։ Այս երթուղու երկայնքով կան նաև թունելներ, և, իմ կարծիքով, կա նաև կամուրջ։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր իր միջոցներով բավական արագ վերականգնել այս երթուղին։ Տարբեր պատճառներով, որոնք ինձ համար այնքան էլ պարզ չեն, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները»,- ասել է Եվդոկիմովը։
Ըստ դեսպանի, Երևանի բանակցությունների ձգձգումը հանգեցրեց նրան, որ անցյալ տարի Բաքուն և Թեհրանը պայմանագիր ստորագրեցին Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին։