ՀՀ-ն ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Ադրբեջանից բացի տրամադրել է նաև միջազգային գործընկերներին
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց, այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ԱԳՆ-ից նշում են, որ հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին․ «Իր հերթին, թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն»,- նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, այսօր ադրբեջանական կողմը ստացել է Հայաստանի կողմից ուղարկված 8 նոր տեղեկամատյանները՝ բողոքելով, թե դրանք, իբր, հավաստի չեն։