Հայցել եմ ԵՄ ներգրավվումը Ադրբեջանին փոխանցած ականապատման քարտեզների ստուգման համար․ Միրզոյան
«Քննարկել ենք նաև Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների և իրավունքների ապահովմանն ուղղված ջանքերը։ Բարձր ենք գնահատում ԵՄ ներգրավվածությունն ու աջակցությունն այս ուղղությամբ»։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ․
Միրզոյանի հաղորդմամբ՝ օրակարգում էին նաև հումանիտար խնդիրները, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակումն ու վերադարձը, անհայտ կորածների խնդրի լուծումը և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանումը․
«ԵՄ գործընկերներին տեղեկացրել եմ նաև, որ առաջնորդվելով մարդասիրական նպատակներով և որպես վստահության ամրապնդման միջոց, Հայաստանը վերջերս Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հարցումների միջոցով պատրաստել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր քարտեզներ։ Հայցել եմ ԵՄ հնարավոր ներգրավվումը այդ քարտեզների ստուգման համար»»,- նշել է Միրզոյանը։