Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել սահմանի որոշ հատվածներում՝ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով․ Փաշինյան
«Կրկին Հայաստանի անունից վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը՝ գնալու կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքները արդեն իսկ պայմանավորված են»։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին՝ սահմանագծում իրականացնել մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերաարտադրելով սահմանը, և ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի, և անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել վերջին փուլին»,-ասց Փաշինյանը։
Նրա խոսքով, կա երկու տարբերակ․ նախ, որ ամբողջ սահմանագծով իրականացվում է սահմանագծում, երկրորդ տարբերակով կտոր-կտոր սահմանագծումով գնում են առաջ: Փաշինյանը նշեց, որ երկու տարբերակն էլ հայկական կողմի համար ընդունելի է, բայց դրան դեմ է Ադրբեջանը։
«Ադրբեջանը խուսափում է նաև այս տարբերակից, և մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը կարող է լինել ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով: Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում»,- նկատեց նա: