Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան
Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
Այս մասին հայտնում է Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նրա խոսքով՝ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։
Վահան Քերոբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Հիշեցնենք, որ այսօր Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
Մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 8 անձանց, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային նշված ընկերության ներկայացուցիչները: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններիցս մեկը»,-ասված էր հայտարարության մեջ։