Ես՝ ինքս պայքարելու եմ, որ մեկ քվե չկեղծվի․ Գևորգ Պապոյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին
ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունների փուլն Արևմուտքում վերսկսում է։ Նա իր դիրքորոշումը, լրագրողների հետ զրույցում բացատրեց նրանով, որ Ադրբեջանում հաճախ բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված ոչ ճիշտ հայտարարություններ են արվում։
«Մենք շատ ենք լսում Ադրբեջանից մի բան, այնուհետև վերադառնում են Բաքու, հարցազրույց են տալիս ու լրիվ ուրիշ բան են ասում, երևի թե վերջին 30 տարում այդ ձեռագիրը կա»,- ասաց նա։
Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանը Սահմանադրության փոփոխության հարցն առաջ է քաշել Ադրբեջանի պահանջով, Գևորգ Պապոյանը նկատեց, որ դա Հայաստանի ներքին գործն է։
«ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու իրավունք ունեցող սուբյեկտների որոշելիքն է, այսինքն՝ սահմանադրի, ժողովրդի որոշումն է։ Որևէ կերպ չի կարող կապ ունենալ որևէ երկրի պահանջների հետ։ Դա անթույլատրելի է, և վստահաբար ասում եմ՝ դա տեղի չի ունենա»։
Պապոյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում Սահմանդրությունը փոխելու է ժողովուրդը և ինչպես ժողովրդի մեծամասնությունը որոշի, փոքրամասնությունը պետք է համաձայնի՝ անկախ նրանից՝ դա ում սրտով է։
«2018-ից հետո ընտրություններ չեն կեղծվել և չի կեղծվելու։ Եթե այդ Սահմանադրությունն ընդունվի, պետք է հաշտ լինենք դրա հետ, եթե ոչ՝ նորից պետք է հաշտ լինենք դրա հետ։ Ես՝ ինքս պայքարելու եմ, որ մեկ քվե չկեղծվի։ Մեկ ձայնով էլ, եթե Սահմանդրությունը չընդունվի, ուրեմն՝ չի ընդունվի»,- ասաց նա։