Աշխատանքները ՀԱՊԿ-ում շարունակվում են, Հայաստանը եղել և մնում է դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ը, Հարավային Կովկասում տիրող լարվածության ֆոնին, պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ տիրող իրավիճակը դիտարկելու համար, սակայն աշխատանքի եզրափակիչ մասում Երևանը, կապված ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հետ, խնդրեց համապատասխան փաստաթուղթը հանել օրակարգից։ Այդ մասին Международная жизнь-ի իր հոդվածում գրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Այդուհանդերձ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, և որ Երևանի հետ բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային կարգով․ «Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ ՀԱՊԿ երկրներն, իրենց հերթին, կենտրոնացած են Հայաստանի Հանրապետության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա»,- ասել է Տասմագամբետովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ հետխորհրդային տարածքը մինչ օրս լի է հակամարտություններով, որոնց մեծ մասը հնացած են։ Դրանց զգալի մասը հայտնվել է նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում․ «Հետխորհրդային եվրասիական տարածքի արևելաեվրոպական հատվածում տիրող ողբերգական իրավիճակի հետ մեկտեղ իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում նույնպես հեռու է կայուն լինելուց: Վերջին տարիներին առավել խնդրահարույց են դարձել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև սահմանային հակամարտությունը»,- նշել է նա։