Փորձում են այն ամենը, ինչ կապ ունի Արցախի հետ, կափարիչ դնեն ու փակեն. Շահրամանյան
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այն ամենը, ինչը կատարվում է իր շուրջ, ինքնանպատակ չի համարում։ Նա իր թիկնապահի՝ Աշոտ Դանիելյանի ձերբակալությունը որակում է շինծու գործ։
«Դուք ինքներդ տեսաք, որ նրան ձերբակալելու առիթ չկար։ Ես խնդրում եմ ուժային մարմիններից, որպեսզի կարճ ժամանակում լուծեն Աշոտ Դանիելյանին ազատ արձակելու հարցը, քանի որ գործը շինծու է»,- ասաց Սամվել Շահրամանյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում։
Նա նկատեց, որ մեծ հարցեր է առաջացնում այս ձերբակալության օրինաչափությունը, բայց պատրաստ են այդ հարցերի պատասխանները ստանալ։
«Այս ամենը կապ ունի այն բանի հետ, որ փորձում են այն, ինչը կապված է Արցախի հետ՝ կափարիչ դնել դրա վրա և փակել այդ հարցը։ Բայց ինձ թվում է՝ չպետք է գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ՝ Արցախի խնդրի, արցախցիների հարցերի համար։ Կարծում եմ՝ մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, և այն միշտ արյունահոսելու է»,- եզրափակեց Սամվել Շահրամանյանը։