Մոսկվայից իր դեմ ուղղված այս «քարոզչությունը» չի թուլանում․ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի փակման հարց չի քննարկվում․ Փաշինյան․ France 24
Ռուսաստանը մի քանի ամիս առաջ «բացահայտ կոչ արեց հայ բնակչությանը տապալել իշխանությունը»։ Այս մասին Փարիզում, France 24-ին տված հարցազրույցում նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելել, որ Մոսկվայից իր դեմ ուղղված այս «քարոզչությունը» չի թուլանում։
Փաշինյանը եթերի ժամանակ նշեց, որ իրեն հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուս զինվորների կողմից ռուս դասալիք Դիմիտրի Սետրակովի առևանգումը։
«Մենք չենք կարող հանդուրժել անօրինական գործողությունները մեր տարածքում»,- ասաց նա և զգուշացրեց, որ «հետևանքներ» կլինեն, եթե Երևանի պահանջները մնան անպատասխան։
Փաշինյանը նաև բացատրում է, որ Հայաստանի մասնակցությունը Մոսկվայի գերիշխող Հավաքական անվտանգության պայմանագրին (ՀԱՊԿ) «սառեցված է»՝ միաժամանակ հաստատելով, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի փակման հարցն օրակարգում չկա՝ չի քննարկվում։
Հիշեցնենք, որ
ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք։ Ըստ ՀՔԱՎ-ի՝ Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի նկատմամբ հարուցված է քրեական գործ ՌԴ 519 ռազմաքննչական բաժնի կողմից՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասով, որի հիման վրա նա ենթարկվել է կալանավորման 27 օրով և պահվում էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։