Հայաստանի փոխգործակցությունը Ռուսաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում իրականում չի աշխատում. Իսկանդարյան
«Ասվում էր, որ, փաստորեն, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են։ Սա ճիշտ է»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է միակողմանի դուրս գալ ՀԱՊԿ-ից և խզել ստորագրված համաձայնագրերը։
«Դա եղել է առնվազն 2020 թվականից: Այս հարաբերություններն ակնհայտորեն ճգնաժամի մեջ են: Ես կասեի, որ ՀԱՊԿ-ն որպես կազմակերպություն ճգնաժամի մեջ է։ Սա (Փաշինյանի հայտարարությունը-խմբ.) կմեկնաբանեի ոչ թե որպես ՀԱՊԿ-ից ֆորմալ դուրս գալ, այլ հետևյալ կերպ. Հայաստանի փոխգործակցությունը Ռուսաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում իրականում չի աշխատում, և Հայաստանի փոխգործակցությունը կազմակերպության այլ երկրների հետ երբեք չի աշխատել։ Դրա համար էլ դա պարզապես գոյություն ունեցող ճգնաժամի արձանագրումն է»,- ասաց քաղաքագետը։
Իսկանդարյանի գնահատմամաբ, այժմ Հայաստանում և Ռուսաստանում քաղաքականությունը այլ կերպ է կառուցված, այն առումով, որ ամեն ինչ քիչ թե շատ բաց է լինում։ Ըստ նրա`, հակասություններ միշտ էլ եղել են։
«Մենք հիշում ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, Ղազախստանի և Բելառուսի մշտական էսկապադները, հայտարարություններ, որոնք հավանության են արժանացել ՀԱՊԿ-ի կողմից։ Այս ամենն արվել է փակ դռների հետևում։ Հիմա թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում ամեն ինչ այլ է։ Հայաստանում էլիտաների ոճը բոլորովին այլ է՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում շատ հաճախ, տեղի է ունենում մամուլի էջերում։ Ռուսաստանում Ուկրաինայի հետ պատերազմը հանգեցրել է քաղաքականության ոճի փոփոխության։ Այնպես որ, հակասություններ միշտ էլ եղել են։ Եվ սրա տակ հսկայական օբյեկտիվ հիմք կա»,–ասաց նա։