Աղվեսի մռութը խաղողին չհասավ, ասեց՝ խաղողը թթու է. Խաչատրյանը` Փաշինյանի ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարության մասին
Կիսահղի չեն լինում. եթե հայտարարում ես` պաշտոնապես պետք է հայտարարես։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն սառեցրել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները։
«Իսկ ՀԱՊԿ-ի այլընտրանքը ո՞րն է»,- իր հարցն ուղղեց պատգամավորը։
Նա նշեց, որ հատկապես այս խառը օրերին, երբ աշխարհում անվտանգային մարտահրավերները խիստ սրվել են, նույնիսկ տրադիցիոն չեզոք Ֆինլանդիան և Շվեդիան դիմեցին և անդամակցեցին ՆԱՏՕ-ին։
«Հիմա Փաշինյանն ի՞նչ է ասում՝ «մենք արտաբլոկային քաղաքականություն ենք տանում»։ Սա ինձ հիշեցնում է Եզոպոսի առակը, որ ասում է՝ աղվեսի մռութը խաղողին չհասավ, ասեց՝ խաղողը թթու է։ Հիմա ՀԱՊԿ-ում իր գործընկերների հետ հարաբերությունները նախանձելի չեն, ՆԱՏՕ-ում էլ իրեն չեն ընդունում, ասում է՝ «դե որ էստեղ չեք ուզում, այնտեղ էլ չեն ընդունում, մենք կմնանք մենակ»։ Դա ներկայացվում է հանճարեղ լուծում, բայց իրականում մնացել է մենակ»,- ասաց նա։