Դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. Ալեն Սիմոնյան
«Բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային և պահանջ ներկայացնելը ճիշտ հռետորաբանություն չէ։ Առավել ևս՝ մի քանի օրից մենք հանդիպումներ ունենք»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե` Հայաստանն ունի մեկ ճանապարհ՝ կատարել Ադրբեջանի բոլոր պայմանները։
«Ժամանակին, երբ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիևը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա՝ փորձելով ճնշումներ գործադրել։ Ալիևը շրջանառության մեջ դրեց «միջանցք» տերմինը, մենք հետո շատ դժվարությամբ հանեցինք այդ խոսույթը։ Հայաստանը, երբ որոշի, որ իր Սահմանադրության մեջ բան պետք է փոխվի, այն ժամանակ կփոխի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ պատրաստ են Ադրբեջանի հետ քննարկել բոլոր խնդիրների լուծումը։
«Չենք տեսնում հարցեր, որոնք իրենց համար անքննարկելի են»,- ասաց նա։
Առհասարակ, Ալեն Սիմոնյանը հակված է այն մտքին,որ բոլոր երկրները պետք է իրար հետ խաղաղ ապրեն։
«Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուքիայի հետ խաղաղ ապրելուն։ Եթե այլ տարբերակ կա, որն առաջարկում է որևէ մեկը, պատրաստ էլ չեմ նույնիսկ լսել»,- ասաց ԱԺ նախագահը։