Եթե որևէ մեկը խնդիր է դրել Անկախության հռչակագրի հետ փոփոխություններ կատարել, դա նշանակում է` կպնել մեր ազգային արժանապատվությանը. Արամ Մանուկյան
Անկախությանն հռչագիրը մեր ժողովրդի հավաքական արժանապատվության փաստաթուղթն է: Այս մասին «Անկախության հռչակագրի կարևորությունը» համաժողովի ժամանակ ասաց ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանը։
«Եվ եթե որևէ մեկը խնդիր է դրել այս փաստաթղթի հետ փոփոխություններ կատարել, դա նշանակում է` կպնել մեր ազգային արժանապատվությանը: Փաստաթուղթը և' պատմական առումով է հուշարձան, և' իրավաբական առումով: Գերագույն խորհուրդը 5 տարվա ընթացքում ընդունել է 1169 օրենք և որոշում: Հռչակագիրը միակն է, որ ո'չ որոշում է, ո'չ օրենք, բայց նաև և' օրենք է, և' որոշում: Ունիկալ է այնքանով, որ հռչակագրի կետերը չկատարելու համար պատասխանատվություն չկա, ինչպես մնացած բոլոր օրենքների համար»,- ասաց Մանուկյանը:
Նրա որակմամբ` հռչակագիրը «ծննդական», «կոնդակ» է` երկիր ստեղծելու մասին:
«Այդ ունիկալությունն է մեխը և անփոփոխելի լինելը: Քանի որ այն սովորական իրավական ակտ չէ` սովորական իրավական ակտով փոփոխելի չէ: Դու չես կարող հերքել երկրի ծնունդը, դու չես կարող բեկանել այն օրենսդրական ակտերով կամ որոշումներով երկրի կայացումը: Կարող ես հետագայում ցանկացած բան ընդունել, բայց որը չի կարող մերժել ծնունդը»,- ասաց նախկին պատգամավորը:
Մանուկյանի խոսքով` Անկախության հռչակագիրն ունիկալ է նաև այն բանով, որ ընդունվեց Խորհրդային Միության գոյության պայմաններում։
«Հռչակագրի ընդունումից դեռ 1,5 տարի հետո ԽՍՀՄ-ը կար։ Լինելով երազային փաստաթուղթ` բացարձակ այն հողեղեն է, բացարձակ պրակտիկ է։ Չկա մի կետ նրա մեջ, որը չի կատարվել։ Անկախության հռչակագիրը լուծեց պատմական 3 խնդիր՝ ծնունդը, ապահարզանը Սովետական միության հետ ու կազմեց Հայաստանի զարգացման հեռանկարը»։