Ժողովրդական լեզվով խոսեմ էլի՝ մենք ավելի ուժեղ չենք Թուրքիայից ու Ադրբեջանից, մենք չենք կարող դիմակայել․ Ալեն Սիմոնյան
Ժողովրդական լեզվով խոսեմ էլի, ոչ թե քաղաքական՝ մենք ավելի ուժեղ չենք Թուրքիայից ու Ադրբեջանից, մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը պետք է պաշտպաներ՝ լավագույն դեպքում մեզ չի պաշտպանում, եթե ոչ՝ համատեղ գործընթացի մեջ է գտնվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա վստահ է՝ Ուկրաինայի պատերազմնը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով։
«Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ` խուսափելու հնարավոր պատժամիջոցներից, ինչը հիմա արվում է, ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային՝ իր խողովակներով, դա փաստ է, իմ հնարածը չէ»,- ընդգծեց նա։
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ պայմանավորված էսկալացիա լինի։
«Իհարկե, մտահոգված ենք, մեր ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու։ Ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով ու ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։