Ինչու է հրաժարական տալիս Մարուքյանը․ արտաքին քաղաքական հարցերի շուրջ տարբեր տեսալականներ կան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Փաշինյանին՝ ֆեյսբուքյան էջում հայտնելով, որ վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ տեսլականների տարբերություններն անհնարին են դարձրել իր հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:
Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- մանրամասնել է Մարուքյանը։