Ողջունում ենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունները՝ ցանկացած ձևաչափում, որը կտանի դեպի խաղաղություն. ՔՊ-ական պատգամավոր
«Մենք պետք է ողջունենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների վերականգնումը»։ Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ։
Նրա խոսքով` բանակցությունների վերականգնումը չափազանց կարևոր է հետագա գործընթացները ծավալելու համար։
«Հանդիպումները շարունակվում են, և դա շատ դրական նիշ է»,- ասաց Վարդանյանը։
Հարցին, թե՝ ինչ ձևաչափ է ընտրված բանակցությունների համար, ճեպազրույցին ներկա` ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ ընդունելի է ցանկացած ձևաչափ, որն արդյունավետ կլինի։
«Ընդունելի ենք համարում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն ու կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները։ Այս համատեքստում, Գրանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկրները ստորագրել են փաստաթղթի տակ, որտեղ արձանագրվել են այդ սկզբունքները։ Բնականաբար, ողջունում ենք ցանկացած հարթակ, որտեղ այդ սկզբունքները հարգվում են, և մենք արդյունավետ ենք համարում այդ բանակցությունները։ Ողջունում ենք ցանկացած ձևաչափի քննարկումներ, որոնք տանում են դեպի խաղաղության մեր տարածաշրջանում»,- ասաց Ա.Հովհաննիսյանը։