Չէի ցանկանա, որ Հայաստանն էլ Արևմուտքի զոհը դառնար, ինչպես՝ Ուկրաինան. Մարիա Զախարովա
Ռուսաստանն ամբողջ սրտով Հայաստանին մաղթում է խաղաղություն, կայունություն և բարգավաճում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանն անցել է իր պատմական դժվարին ճանապարհը, որը ներառում էր ցեղասպանություններ, սեփական ինքնիշխանության համար պաշտպանություն, պայքար իր մշակույթի համար, տարածքային բարդ վեճեր, խնդիրներ, հակամարտություններ։ Այս երկիրն ու այս ժողովուրդն արժանի են խաղաղ ապրելու և ոչ մի դեպքում չդառնալու սակարկության առարկա արևմտյան անբարեխիղճ քաղաքական գործիչների ձեռքում»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից է, ում հետ երկարամյա պատմական կապեր ունեն։
«Ուստի՝ մեր ամբողջ սրտով մաղթում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում այս պետությանը։ Բայց մենք, ցավոք, տեսնում ենք, որ Ուկրաինային նույնպես գայթակղեցին դեպի արևմտյան ցանցերի, նրանք խոստացան հիանալի հեռանկարներ, ամեն ինչ գունեղ ներկայացրին, բայց օգտագործեցին, ես չէի ցանկանա, որ նույնը տեղի ունենար Հայաստանի հետ, որ Հայաստանն էլ Արևմուտքի զոհը դառնար, ինչպես՝ Ուկրաինան»,- ասել է Զախարովան։
Միևնույն ժամանակ, Զախարովան ընդգծել է. «Հայաստանը, իրոք, պատմականորեն փորձ ունի, և գիտի, թե ով է միշտ օգնության հասել»։