Ծանուցվել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ այլևս նրանց աջակցության կարիքը չենք զգում` իհարկե շնորհակալություն հայտնելով. Արարատ Միրզոյան
Ռուսական կողմը տեղեկացվել է հայկական կողմի այս նախաձեռնության մասին: Այս մասին Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով` ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում նաև` «Զվարթնոց» օդանավակայանում մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետականությանը:
«Նախատեսված է եղել այս գործառույթն իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա և երբ Հայաստանն ունենա իր ինստիտուցիանալ հնարավորությունները, այդ գործառույթն ամբողջությամբ կիրականացնի Հայաստանն իր պատկան մարմինների միջոցով: Հիմա մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ինստիտուցիոնալ առումով ի զորու է միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը և ռուսական կողմին ծանուցել ենք այս մասին: Ենթադրում եմ, որ սա ռուսական կողմի համար բավարար կլինի և հարցը այդքանով կլուծվի: Խոսքը լիազորությունների ամբողջական կատարման մասին է: Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ այլևս ռուսական կողմի աջակցության կարիքը չենք զգում` իհարկե շնորհակալություն հայտնելով»,- ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ ծանուցումն արվել է համապատասխան ծառայությունների միջոցով` այլ մանրամասներ չհայտնելով: