Ցանկանում ենք՝ Ալմա-Աթայի հռչակագիրը ներառվի «խաղաղության պայմանագրում», Բաքվից դրական արձագանք չկա
Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը: Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացից՝ Միրզոյանը նշել է․
«Ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը՝ վերահաստատելու մեր հանձնառությունը խաղաղության օրակարգին: Մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ և շարունակում ենք այս գործընթացն ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունն ամրապնդելու համար»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Նշելով, որ կողմերի միջև խնդիրներից մի քանիսի շուրջ հաջողել է պայմանավորվածություններ ձեռք բերել՝ Միրզոյանը շեշտել է, որ երկու կարևոր հարցերի շուրջ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն. «այս խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանազատման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին ու փոխկապակցվածությանը»:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ կողմերն առաջին հերթին պետք է վերահաստատեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հավելելով, որ Հայաստանը պնդում է, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. ստորագրված Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն: Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում։ Արարատ Միրզոյանը հավելել է, որ այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։