Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալու․ Իրանի ՊՆ նախարարը՝ Պապիկյանին
Իրանի ՊՆ Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ընթացքում, ըստ IRNA-ի թղթակցի, նշել է, որ տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալու․
«Տարածաշրջանը վերածվելու է ուժային հակամարտության վայրի և ավելի շատ մարտահրավերներ է առաջացնելու տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։ Այդ իսկ պատճառով, չպետք է թույլ տանք, որ Կովկասը տերությունների մրցակցության վայրի վերածվի, քանի որ այդ դեպքում վտանգվում է բոլոր երկրների անվտանգությունը»։
Ռեզա Ղարաի Աշթիանին նշել է, որ հարևանների հետ հարաբերությունների համատեքստում Հայաստանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար․
«Իրանի վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների չփոփոխմանը: Կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա այս քաղաքականությանը»։
Իրանի պաշտպանության նախարարը նաև ասել է, որ Իրանը մշտապես աջակցել է տարածաշրջանում համապարփակ խաղաղությանն ու կայունությանը՝ նշելով, որ կաջակցեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապերին։
ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն էլ, իրանական գործակալության փոխանցմամբ, բարձր է գնահատել Իրանի հետ Հայաստանի պատմական կապերն ու բարեկամությունը և հայտնել երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման Երևանի պատրաստակամության մասին․ «Շատ կարևոր է, որ երկու երկրներն էլ ունեն նմանատիպ տեսակետներ տարածաշրջանային կայունության վերաբերյալ, մենք պետք է ձգտենք ավելի սերտ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային անվտանգության հասնելուն»,- հավելել է Պապիկյանը: