Առաջիկա օրերին Տավուշի և Տիգրանաշենի ճակատագիրը վտանգված է․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը վստահեցնում է՝ հողերը կամ տարածքները, որի մասին Ադրբեջանը խոսում է, երբևէ չի եղել Ադրբեջանի կազմում և չի բնակեցվել ադրբեջանցիներով։
«Այդ տարածքները, ԽՍՀՄ տարիներին, հիմնականում եղել են արոտավայրեր»,- ասաց նա։
Էդգար Ղազարյանի խոսքով` ոչ մի իրավական հիմնավորում չկա, որպեսզի Ադրբեջանն ապացուցի, որ այդ տարածքներն ադրբեջանական են։ Նա նկատեց նաև, որ անկախացման ժամանակ եղած ադմինիստրատիվ հիմքերը կորել են, քանի որ Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ։
«Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հայտարարություն տարածեց, որ եթե Հայաստանն այդ տարածքները չվերադարձնի, ապա այն զավթելու են։ Այդ տարածքների հանձնելը վարչական տարածքների հարց չէ, այլ կոնկրետ ռազմական նշանակության գործողություն է, որի միջոցով վերահսկողության տակ են վերցվում Հայաստանի ռազմավարական ուղիները»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Նա ընդգծեց, որ մենք չափազանց վտանգավոր ժամանակահատված ենք ապրում։
«Լրիվ պարզ է դառնում, որ առաջիկա օրերին Տավուշի և Տիգրանաշենի ճակատագիրը վտանգված է»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը։