Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը դրական հետևանքներ կունենա հակամարտության կարգավորման վրա․ Ալիև
Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը դրական հետևանքներ կունենա հակամարտության կարգավորման վրա։ Այս մասին մարտի 14-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման արարողությանը «Վերականգնել ճեղքված աշխարհը» թեմայով։
«Մեր տարածաշրջանում փոփոխությունները կարող են տեղային թվալ։ Բայց իրականում դրանք շատ ավելի լայն հետևանքներ ունեն, քանի որ հիմնական աշխարհաքաղաքական փոփոխությունը, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ այստեղ մեր վերջին հանդիպումից հետո, եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնումը»,- ասել է Ալիևը։
Նրա դիտարկմամբ, դա իսկապես շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն է։
«Կարծում եմ` շատ դրական հետևանքներ կունենա անլուծելի թվացող հակամարտությունների լուծման համար»,- նշել է նա։