Հայկական գյուղերի հանձնումն Ադրբեջանին նոր զիջումների կբերի. Զատուլին
ՀՀ սահմանամերձ գյուղերի հնարավոր հանձնումն Ադրբեջանին կվտանգի երկրի ռազմավարական հաղորդակցությունները և ճանապարհ կբացի նոր զիջումների համար, մասնավորապես` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
«Ո՞րն է այն գյուղերի կարևորությունը, որոնց հավակնում է Ադրբեջանը։ Այն է, որ դրանք ապահովում են Հայաստանի ելքը դեպի Իրան (Տիգրանաշեն) և Վրաստան (Տավուշի գյուղեր)։ Դրանք տարանցիկ գյուղեր են, և եթե Հայաստանը դրանք կորցնի Հայաստանի կառավարության դիրքորոշման արդյունքում, ապա ճանապարհ կհարթվի հետագա զիջումների համար։ Գլխավորն Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է՝ բացել «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի և Նախիջևանի միջև ՝ այդպիսով ուղիղ դարձնելով Թուրքիայից Ադրբեջան տարանցումը», - նշել է պատգամավորը։
Ռուս քաղաքական գործչի խոսքով ՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախկին գիծը՝ ուղղված Ադրբեջանի շահերը բավարարելուն, բայց միևնույն ժամանակ փորձում է երևալ մի մարդ, որ ստիպված է դիմել դրան: Նման դիրքորոշում որդեգրելով ՝ վարչապետն ամեն ինչում մեղադրում է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, որոնք, իբր, չեն ստանձնում Հայաստանի պաշտպանությունը։
«Նա (Փաշինյանը -խմբ.) գնաց իր հայրենակիցներից ըստ էության հրաժարվելու՝ դավաճանության ճանապարհով և նա ստիպված է գնալ այդ ճանապարհով»,- հայտարարել է Զատուլինը: