Մարտի 1-ի էջը ոնց որ փակո՞ւմ ենք, թե՞ բաց է․ ՔԿԾ-ներում «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ վիճակում․ Անդրանիկ Քոչարյանը՝ Գրիգոր Մինասյանին
Իմ մոտ գուցե սուր են ընկալումները, չգիտեմ, բայց մի հարց եմ ուզում տալ՝ Մարտի 1-ի էջը ոնց որ փակո՞ւմ ենք, թե՞ բաց է։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին, դիմելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, հարցրեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ նրա՝ եթե գործը բաց է, ապա բոլոր այն քննիչները, որոնք այդ գործերով ունեցել են մասնակցություն, նշանակվել են Քրեակատարողական հիմնարկների ղեկավարներ, այդ թվում՝ ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը, պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումից առաջ։
«Մարդն էդ համակարգի հետ պետք է ծանոթ լինի։ Կներեք, բայց դատախազական մոտեցումներով համակարգը չես կարող բերել այն վիճակին, ինչ կա։ Նախ էնտեղ մարդուն պետք է տեսնես՝ մարդ, համակարգը քիչ է։ Եթե ձեզ զեկուցել են՝ պետք է իմանաք, որ այնտեղ շարունակում է մնալ «ախպերությունը»՝ արտոնյալ վիճակում, սկսած սենյակների կահավորանքից՝ բոլոր փաստերը փակ քննարկմանը դրվել են պարոն Գրիգորյանի և տեղակալի առջև։ Եթե նույն վիճակը շարունակվում է, ուրեմն՝ հեռու ենք ռեֆորմ բառից»,- ասաց նա։
Ըստ Քոչարյանի` այդ աշխարհն իր ուրույն տեղում հարմարվել է և պետությանը պարտադրում է իր հարմարվածությունը, մինչդեռ պետությունը չի կարող հարմարվել իրենց պայմաններին՝ խաղի կանոններին։
«Մենք չենք հասկանում թմրամիջոցները ոնց են հայտնվում ՔԿՀ-ներում, երբ կան սարքավորումներ, որ հնարավոր չլինեն ընդհանրապես անցնել։ Ի զարմանս մեզ, իրենք ասում են` էդ ի՞նչ սարք է։ Ուզում եմ հարցնել այդ թեկնածությունը, որ ընտրեցիք, այլ թեկնածուներ քննարկե՞լ եք, թե՞ ոչ։ Հիմա ուզում եմ հարցնել՝ արդյոք Ամբակում Գրիգորյանի թեկնածությունից առաջ էլի՞ են եղել թեկնածուներ»,- հարցրեց նա։