Ավ. Իսահակյանի անվան գրադարանի ապամոնտաժումը` կամայականության հետևանք
2 օր առաջ` փետրվարի 20-ին, ապամոնտաժվում էր Ամիրյան 2 հասցեում գտնվող Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածը` ֆասադը: Ապամոնտաժման աշխատանքերը դադարեցվել են միայն հավաքված բնակիչների պահանջով:
Newspress.am-ի հետ զրույցում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ ապամոնտաժման որոշում չկա:
«Ես հենց սկզբից եղել եմ գրադարանի քանդման նախագծի քննարկմանը և արտաքին տեսքի` ֆասադի, ապամոնտաժման հարց չի եղել: Ի սկզբանե, որոշվել է պահպանել շենքի արտաքին տեսքը»,- ասաց Մինասյանը:
Ճարտարապետը չգիտի, թե որպես պատմամշակութային արժեք, որ տեղն է զբաղեցնում գրադարանի շենքը, սակայն նկատեց, որ եթե այն ընդգրկվել է պահպանման ցուցակում, ուրեմն չի քանդվելու:
Ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանն էլ նկատեց, որ քաղաքապետարանից տեղեկացրել են, թե շենքի ճակատային հատվածի քանդման թույլտվություն որևէ մեկին տրված չէ:
Ասել է թե`քաղաքապետարանի որոշում չկա ու շենքի ապամոնտաժումն անօրինական է:
Սակայն հարկ է նկատել նաև, որ ո’չ քաղաքապետարանը և ո’չ էլ ապամոնտաժումն իրականացնող շինարարները չեն ասել, թե ով է կանգնած այս որոշման հետևում:
Քանդող շինարարներն ասել են միայն, թե քանդում են այն հատվածը, որը կառուցվել է 1970-ականներին և մշակութային արժեք չի ներկայացնում: Իսկ 1850թ.-ին կառուցված ֆասադը պահպանվում է, քանի որ հենց դա է պատմամշակութային արժեք հանդիսաանում:
Գաղտնիք չէ, սակայն, որ պատմամշակութային արժեք ներկայացնող բոլոր շինությունները քանդվել են այսպես` աստիճանաբար: Եվ ուրեմն չի բացառվում, որ Ավ. Իսահակյանի անվան գրադարանի ապամոնտաժումը ևս կհայտնվի կամայական ապօրինությունների ցուցակում: