ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ Մամիջանյան
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը հավատքն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցին են»,-լրագրողների հետ զրույցում ընդգծեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը, որը մասնակցում էր Բագրատ Սրբազանի եւ կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Հայկ Մամիջանյանն ասաց, որ սովորություն չունի փակ հանդիպումների մանրամասները հանրայնացնելու, բայց նշեց, որ հավաքված կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, նրա ձեւակերպմամբ, շատ ավելի փոքր մարմին են, երեւույթ են, քան այն համաժողովրդական աջակցությունը, որը վայելում է Սրբազան շարժումը:
«ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, Հանրապետական կուսակցությունն առաջին իսկ օրերից հայտարարել են, որ այս սրբազան շարժման կողմից առաջադրված, ժողովրդի կողմից իրապես առաջադրված թեկնածուի ընթացքի համար Հանրապետականը եւ «Պատիվ ունեմ»-ը կանեն ամեն ինչ՝ սկսած փողոցային պայքարից, ինչպես անում են, վերջացրած ԱԺ-ում ընթացակարգային խնդիրների լուծմամբ, ինչպես կանի»,-ընդգծեց նա: