ԱՄՆ-ը Նիգերից զորքերը դուրս կբերի մինչև սեպտեմբերի 15-ը. Բլինկեն
ԱՄՆ-ն իր զորքերը Նիգերից դուրս կբերի մինչև սեպտեմբերի 15-ը։ Այս մասին մայիսի 21-ին Կոնգրեսի Սենատում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Այո, դա ճիշտ է», - ասել է Բլինկենը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ԶԼՄ-ների հաղորդագրությունները այն մասին,որ ԱՄՆ զորքերը մինչև սեպտեմբերի 15-ը կլքեն Նիգերը ճիշտ է:
Նրա խոսքով, ամերիկյան կողմը մտադիր է վերահսկել Նիգերից իր զինվորների և սպաների դուրսբերման գործընթացը, որպեսզի, ի թիվս այլ բաների, թույլ չտա, որ ամերիկյան զենքն ընկնի աֆրիկյան պետություն ժամանող ռուս ռազմական խորհրդականների ձեռքը։
ԱՄՆ-ի հետ ռազմական պայմանագիրը խզել են մարտի 16-ին Նիգերում իշխանությունը զավթած ապստամբները։ Նրանք այս որոշումը բացատրել են նրանով, որ Միացյալ Նահանգների պատվիրակությունը չի հետևել դիվանագիտական արձանագրությանը: