Պետգույքի կառավարման կոմիտեն հերքել է Հանրապետության փողոցի գույքը ՔՊ-ին վարձակալության տալու լուրը
![Պետգույքի կառավարման կոմիտեն հերքել է Հանրապետության փողոցի գույքը ՔՊ-ին վարձակալության տալու լուրը](/timthumb.php?src=disc/23-05-24/2aed41aff2ee1b3313b4e5f9d52e5473.jpg&w=780)
Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հերքելով տեղեկությունը, թե կոմիտեին ամրացված Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«Տեղեկությունը, թե ՏԿԵ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իրականությանը չի համապատասխանում։
Հայտնում ենք, որ նշված անշարժ գույքը ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ վարձակալության է հանձնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 10 տարի ժամկետով։ Սակայն, կուսակցության նախաձեռնությամբ պայմանագիրը 2024 թվականի փետրվարի 19-ին դադարեցվել է։ Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը կառավարության այսօրվա որոշմամբ մրցութային կարգով կտրվի վարձակալության՝ 10 մլն 300 հզ մեկնարկային արժեքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։