Թուրքիայի հետ կա շատ առողջ երկխոսություն, նաև պայմանավորվածություններ. Միրզոյան
«ԵՄ առաքելության տեղակայումից հետո, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, որևէ մեծ հարձակում, ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք չի եղել։ Սա փաստ է»։ Ազգային ժողովում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այն վիճակը, այն ծուղակը, որում հայտնվել է Հայաստանը, հայ հանրությունը, դա մի ծուղակ է, որը դուք կամ ձեր օգնությամբ ուրիշներն այդ թակարդը լարել եք տասնամյակներ շարունակ։ Կարող է անձամբ դուք չեք էլ գիտակցում, որ դա ծուղակ էր։ Դա եղել է միջոց կանխելու Հայատանի իրական ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը։ Այո, դա եղել է շատ քաղցր, բայց, այնուամենայնիվ, շղթա ապահովելու Հայաստանի անազատությունը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Արարատ Միրզոյանը նշեց, որ Թուրքիայի կողմից պահանջներ չկան Հայաստանի նկատմամբ։
«Կա շատ առողջ երկխոսություն, նաև պայմանավորվածություններ, որոնցից հիմնականները, ցավոք, առայժմ կյանքի չեն կոչվել՝ պայմանավորված այլ` երրորդ գործոններով։ Մեր ակնկալիքն է Թուրքիայից, որ մեր պայմանավորվածությունները կսկսեն իրականանալ, մենք պատրաստ ենք շարունակել այս շատ առողջ և նորմալ երկխոսությունը»,- ընդգծեց Միրզոյանը։