Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը ևս մեկ քայլ է խաղաղության հասնելու համար․ Ադրբեջանում ՌԴ դեսպան
Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար: Այդ մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ խոսելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության շուրջ գործընթացից։
«Տարածաշրջանի գործերին արտաքին ուժերի անպատասխանատու և ապակառուցողական միջամտության վառ օրինակ էր ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը։ Մենք լիովին համաձայն ենք Ալիևի բազմիցս հնչեցրած գնահատականի հետ, որ Բրյուսելի հանդիպման նպատակը Հարավային Կովկասում բաժանարար գծերի ստեղծումն է»,- ասել է նա։
Ըստ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի՝ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում նույնպես բաժանարար գծեր է ստեղծում․ «ԵՄ առաքելությունը Արևմուտքի հիբրիդային պատերազմի գործիք է, այն չի վերահսկվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից: ️ԵՄ առաքելությունը բացահայտ սադրիչ աշխատանք է տանում, ամբողջ ծավալով զբաղվում է հակառուսական քարոզչությամբ, ձեռք է բերում հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ։ ️Հարավային Կովկասում տարածաշրջանային և երկկողմ բնույթի ցանկացած խնդիր պետք է լուծվի «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի համաձայն»,- նշել է նա։