Աղետի գոտում ենթակառուցվածքների խոշոր վնասվածքներ այլևս չունենք, մեծ մասը վերականգնված է. Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող և կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սանոսյանն իր խոսքում նշեց, որ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են՝ հավելելով, որ միջպետական Մ6 մայրուղին արդեն բաց է մեքենաներով երթևեկության համար, ինչը ժամանակի խնայողության ու կապի առումով ունի չափազանց կարևոր նշանակություն: Այդուհանդերձ Սանոսյանը վարորդներին հորդորեց զգույշ լինել, քանի որ որոշ հատվածներում ճանապարհի կահավորման աշխատանքները շարունակվում են:
«Երեկվանից արդեն աշխատում է Այրումի երկաթուղային կայարանը, ինչի արդյունքում արդեն ունենք վառելիքով ներկրված քսաներկու վագոն: Բենզինն ու դիզվառելիքը դատարկվել են, և վագոնները վերադարձել են Վրաստան՝ վառելիքի հաջորդ խմբաքանակը մի քանի ժամից բերելու համար: Մեզանից խնդրել են լրացուցիչ բեռնատար մեքենաներ, մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք, որպեսզի վառելիքն ավելի հեշտությամբ մատակարարենք շահառուներին: Երկաթուղու մյուս հատվածներում նույնպես ընթանում են ակտիվ աշխատանքներ, ինչը մեծացնում է հույսը, որ կկարողանանք հնարավորիս արագ երկաթուղու գործունեությունն ամբողջությամբ վերականգնել»,- ասաց Սանոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Ալավերդու շատ հատվածներ արդեն մաքրվել են աղբից, տիղմից ու ջրի հետքերից: Քարկոփ համայնքում վերջին օրերի ակտիվ աշխատանքի արդյունքում նկատելի են զգալի դրական փոփոխություններ: Այդտեղ վերականգնվել է ջրի մատակարարումը, մասնակիորեն նաև էլեկտրականության մատակարարումը: Այս պահին Ալավերդու հատվածում գործում են հետիոտնային չորս կամուրջներ, որոնք հեշտացնում են բնակիչների հոգսն ու շինարարների գործը: