Մի քանի պարզ կանոն ճամփորդել ցանկացողների համար
ԱՎՎ նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե ցանկանում եք ճամփորդել, պլանավորման պահից փաստաթղթերի առումով անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների.
-անհրաժեշտ է ստուգել ճամփորդական փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը,
-անկախ երեխայի տարիքից երկրից դուրս գալու համար պարտադիր անհրաժեշտ է անձնագիր, միայն ծննդյան վկայականով հնարավոր չէ ճամփորդել,
-եթե անձը չի ունեցել որևէ երկրի վավեր անձնագիր, այլ պետությունից որպես ՀՀ քաղաքացի Հայաստան է վերադարձել վերադարձի վկայականով, անհրաժեշտ է ընդունել ի գիտություն, որ ՀՀ վերադառնալուց հետո այդ վկայականը այլևս չի համարվելու անձը հաստատող փաստաթուղթ և դրանով չի կարողանալու դուրս գալ Հայաստանից, անհրաժեշտ է ստանալ անձնագիր,
-ճամփորդելուց առաջ պարզել հյուրընկալող պետության իրավական պահանջները. տվյալ երկիր մուտք գործելու համար անձնագիրը առնվազն ինչքան ժամկետով պետք է վավերական լինի,
-եթե երեխան ճամփորդելու է առանց ծնողի, պարզել հյուրընկալ պետությունը ուղեկցողից պահանջելու է ծնողի գրավոր համաձայնությունը, թե ոչ,
-անհրաժեշտ է ընդունել ի գիտություն, որ այս տարվա հունվարի 1-ից այլևս ՀՀ անձնագրերում չեն դրվում օտարերկրյա պետությունում վավերականության կլոր կնիքները, անձնագիրը համարվում է վավերական փաստաթղթում նշված ընդհանուր ժամկետով, անկախ կլոր կնիքի առկայությունից կամ բացակայությունից»: