Հայաստանի և ԱՄՆ կառավարությունները ռազմավարական գործընկերության հանձնաժողով կստեղծեն
Հայաստանի և ԱՄՆ կառավարությունները ռազմավարական գործընկերության հանձնաժողով կստեղծեն, ասվում է Երևանում կայացած նիստի արդյունքներով երկու երկրների համատեղ հայտարարության մեջ:
Վաշինգտոնը նաև Երևանին առաջարկել է տրանսպորտային ռազմավարություն մշակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիման վրա․
«Հունիսի 11-ին Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հյուրընկալեց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարած միջգերատեսչական պատվիրակությանը: Ամփոփիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին և ուրվագծեցին գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի: Ակնկալում ենք ուրվագծել առաջիկա ամիսներին մեր հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի կոնկրետ ուղղությունները։
Կողմերը դրական են գնահատել Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին և ժողովրդավարական առաջընթացին աջակցելու ուղղությամբ համագործակցությունը և նշել եվրատլանտյան կառույցների և Արևմուտքի հետ ավելի սերտ համագործակցության Հայաստանի ձգտումները։ Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան»,- ասվում է ՀՀ ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների համատեղ հայտարարության մեջ