«Հստակ ասում եմ՝ ես ոչ կտտանքներից եմ վախենում, ոչ կալանքից, ոչ էլ նույնիսկ մահվանից»․ Բագրատ Գալստանյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին չեն մտահոգում տեղեկություններն առ այն, թե՝ իրավապահները հիմքեր են փորձում գտնել, որպեսզի Սրբազանի նկատմամբ իրավական գործընթաց սկսեն։
«Հստակ ասում եմ՝ ես ոչ կտտանքներից եմ վախենում, ոչ կալանքից, ոչ էլ նույնիսկ մահվանից»,-ասաց Սրբազանը։
Նա խոստովանեց, որ իրեն նման տեղեկությունները հասել են, որ տարբեր ուսումնասիրություններ են անում։
«Նույնիսկ 15 տարվա հաշիվների, երևի զարմացել են»,-ասաց նա։
Անդրադառնալով Գետահովիտում կառուցված քաղցկեղով հիվանդ երեխաների հոգևոր վերականգնման կենտրոնին, Սրբազանն ասաց, որ մեծ ավերված տարածք ունեին և 2020-ին նախաձեռնել էին այդ կենտրոնի կառուցումը։
«Գումարները տրվել են, կենտրոնը կառուցված է։ 660 000 եվրո է փոխանցվել տարբեր փուլերով, և 4000 քառ մետր տարածքում շինարարություն է ընթացել։ Թող հաշվեն։ Մենք ոչ միայն չենք մսխել, այլև ստիպված ենք եղել մի քանի 100 000 ավելացնել այդ գումարի վրա, որ շինարարությունն ավարտենք, սարսափելի վնասներ ենք կրել, որովհետև այդ ժամանակ տարադրամի փոփոխություն է տեղի ունեցել։
Գումարներն անձնապես չեմ ստանում, այլ օրինական ձևով փոխանցվում են։
Կենտրոնն անվճար է։
Իրենք թող շատ չզվարճանան, իրենք ոչ թե պետք է ուսումնասիրեն՝ մսխելու հիմք ստեղծելու համար, այլ շնորհակալագիր պատրաստեն, որ ոչ մի բանի չեն մասնակցել, պետության գործառույթն ենք մենք ստանձնել։ Լավ կլինի ուսումնասիրեն ու ամաչեն, եթե շնորհակալության թուղթ էլ պատրաստեն, ձեզ ցույց կտամ»,-ասաց Բագրատ Սրբազանը։