«Հայաստանի բարձրագույն ղեկավարության գրառումները հայտնի են, թող կարդա». Ռուսաստանից պատասխանել են Արմեն Գրիգորյանի մեղադրանքներին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։
Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ հանրապետության Անվտանգության խորհրդի ղեկավարը պետք է ծանոթանա այս հարցի վերաբերյալ հայ քաղաքական գործիչների հայտարարություններին։
«Սա բացարձակապես ճիշտ չէ։ Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրագույն ղեկավարության գրառումներին ու ելույթներին։ Այս հարցերի պատասխաններն այնտեղ կան։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդա»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդել էր, որ «Ռուսաստանը եկավ, մեզնից վերցրեց Լեռնային Ղարաբաղը, վերադարձրեց Ադրբեջանին, ապա հեռացավ»: