Նիդեռլանդների պատվիրակության հետ քննարկվել է «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը»
Կարեւորում եմ ձեր այցը մեր երկիր: Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունները ջերմ են եւ բարեկամական. ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Սարգիս Խանդանյանն առաջարկել է զարգացնել համանուն երկու հանձնաժողովների միջեւ գործակցությունը, որն արժանացել է հյուրերի հավանությանը:
Հանձնաժողովի նախագահն արժեւորել է հայ-նիդերլանդական փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:
Հայ խորհրդարանականները ներկայացրել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից, այս հարցում Հայաստանի կառավարության ջանքերից:
Հուլիսի 9-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Էդուարդ Աղաջանյանը եւ Լենա Նազարյանը: