Ես հույս ունեմ, որ վերջ կդնենք տասնամյակներով շարունակվող վեճին, որը բերեց երկու մեծ արհավիրք՝ պատերազմ․ Ալեն Սիմոնյան
Կադաստրի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դարձած այն խոսակցության մեջ, որ «սաղ տվեցին, այս իշխանությունը ամեն ինչ տվեց», ես համարում եմ անտեղի։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը պահանջել էր Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին կոնկրետ ասել, թե ՀՀ տարածքից որքան տարածք է տրվել Ադրբեջանին։
Ըստ նրա՝ այս հարցի հասցեատերը կադաստրը չէ։ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ, դա քաղաքական հարց է։
«1 մլն 347 անգամ պատասխանը հնչել է` Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել, չի քննարկվել ու չի կարող քննարկվել»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։
Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի հետ այն սկզբունքներով, որով մտել են սահմանազատման ու սահմանագծման պրոցեսի մեջ, կվերջնականացնեն ու կվերարտադրեն Հայաստանի ու Ադրբեջանի քարտեզն՝ ըստ Ալմաթիի հռչակագրի սկզբունքների։
«Ես հույս ունեմ, որ վերջ կդնենք տասնամյակներով շարունակվող վեճին, որը բերեց երկու մեծ արհավիրք՝ պատերազմ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։