Արա Ղազարյանը բացատրեց, թե ինչու է սխալ «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն» բառակապակցության գործածումը
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ուշադրություն է հրավիրում «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն» բառակապակցության վրա։
«Դրա գործածումը մեր կողմից սխալ է, քանի որ դրանով Ադրբեջանն առաջ է տանում այն նարատիվը, որ ըստ էության քաղաքական ղեկավարությունը ռազմատենչ քաղաքականություն է վարել։ Սխալ է։ Մենք պետք է ասենք գլխավոր շտաբի ու երկրի առաջնորդների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որը դեռ դատարան պետք է մտնի։ Դատարանում նրանք լուրջ քննություն պետք է հանձնեն, քանի որ նրանք արդեն մոռացել են, թե ինչ է նշանակում արդար դատաքննությունը։ Մենք պետք է տեսնենք, որ փաստաբանները նստած են նրանց կողքը, ոչ թե նստած են ապակու հետևում, պետք է տեսնենք, որ կարողանում են հաղորդակցել արտաքին աշխարհի հետ, բայց վստահ եմ, որ այդ ամենը չի լինի, քանի որ եթե այդ ամենը լինի, ապա դատավարությունը վերահսկողությունից դուրս կգա»,- ասաց Ղազարյանը «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով քննարկման ժամանակ։
Ղազարյանի խոսքով` Ադրբեջանը ռիսկի է գնում, երբ նման քայլի է գնում, բայց ուզի-չուզի, այդ դատավարությունը պետք է իրականացնի։
«Այդ մարդկանց արդար դատաքննության ապահովումը լինելու է Ադրբեջանի հերթական ձախողումը»,- ասաց Ղազարյանը։