Մարտի 2-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Մեծ պահքի Միջինքը
Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի Միջինքը մարտի 2-ին է: Հայոց կենցաղում այն նշվել է ժողովրդական մի շարք սովորություններով: Այն նշվում է Մեծ պահքի 24-րդ`չորեքշաբթի օրը։ Միջինք է կոչվում Մեծ պահքի մեջտեղի օրը լինելու պատճառով: Այս մասին տեղեկանում ենք Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից։
Միջինքի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ` այցելություններ, տոնախմբություն, հյուրասիրություն:
Առաջնորդարանում թեմի երիտասարդական միությունները Նավասարդ Սրբազան հոր հանդիսապետությամբ կնշեն Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով, նաև Միջինքի`Բաղարջ հացի հյուրասիրությամբ, որի մեջ մետաղադրամի փոխարեն կլինի օրհնված խաչ: Օրը հագեցած կլինի ազգագրական պարերով: Թեմի երիտասարդները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ Միջինիքն նվիրված ազգային տոնը նշում են արդեն երրորդ անգամ: