Բերդի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանին եւ նրա ընտանիքին հրավիրել են դատախազություն
Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը, նրան փոխկապակցված մի քանի անձ՝ կինը՝ Նաիրա Մանուչարյանը, որդին՝ Անուշավան Մանուչարյանը, սեպտեմբերի 24-ին հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Դատախազության կողմից նրանց ուղարկված ծանուցագրերից տեղեկանում ենք, որ նրանց պատկանող գույքերի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։
Նշենք, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում է Հարություն Մանուչարյանի և Անուշավան Մանուչարյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկված մեղադրական եզրակացությունը։
Դրանում մասնավորապես նշված է, որ Մանուչարյանը չի կանխել իր որդու՝ Անուշավան Մանուչարյանի կողմից Բերդ քաղաքի Խորենացու փողոցի 16/6 հասցեում գտնվող, իրեն պատկանող հողամասում մոտ 240 քմ մակերեսով եռահարկ առանձնատուն, դրան հարակից ավտոտնակ և ծածկ ինքնակամ կառուցելը։