Քաղաքապետը հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց. Գրիգոր Երիցյան
Երեւանի ավագանու Ազգային Առաջընթաց խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի պատմության ամենաձախողված քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց։
Սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի։
Սեպտեմբերի 10-ին ՔՊ-ն պատրաստվում է դադարեցնել ոչ միայն իմ՝ որպես Երևանի ավագանու անդամի, այլև որպես Երևանի ավագանու ընդդիմադիր (մեծությամբ երկրորդ) խմբակցության ղեկավարի լիազորությունները՝ խաթարելով մեր խմբակցության բնականոն աշխատանքը և հերթական անգամ թքելով մեզ ձայն տված տասնյակ հազարավոր երևանցիների վրա։