Տարածաշրջանային այլ երկրների ճնշումները կարող են խանգարել Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը. Արթուր Հովհաննիսյան
Մենք ասել ենք, որ ՀՀ տարածքով չի անցնելու արտատարածքային որևէ ճանապարհ: ՀՀ-ում եղած ճանապարհի վրա վերահսկողությունը ով կիրականացնի՝ որոշելու է ՀՀ կառավարությունը: Այստեղ որևէ այլ երկրի վերահսկողություն չի կարող լինել այդ ճանապարհի վրա: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին կայացած ԱԺ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել փաստաթուղթ, որով Ռուսաստանը պետք է գա և վերահսկողություն իրականացնի: Այդպես մեկնաբանում է ռուսական կողմը, ինչին մենք բազմիցս արձագանքել ենք, որ այդ մեկնաբանությունը տեղին չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ տարածաշրջանային այլ երկրների ճնշումները կարող են խանգարել Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը։
Արթուր Հովհաննիսյանի խոսքով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրադադարի մասին հայտարարություն է:
«Ճանապարհի վերահսկման մեխանիզմների մասին, այո՛, խոսք եղել է այդ ժամանակ, բայց իրավիճակը ցույց է տվել, որ նոյեմբերի 9-ի հայտարարություն այլևս գոյություն չունի՝ ըստ էության»,- հավելեց Արթուր Հովհաննիսյանը: