Այսօրվա իրավիճակում պլաններ կազմելն անշնորհակալ գործ է․ հիմա ինչ եմ ուզում՝ դա արդեն իմ ներսում․ Մամիկոն Ասլանյան
Մեր երկրում քաղաքական ու իրավական ոլորտում զարգացումն այնպես անհասկանալի հունով է գնում, որ չի ստացվում պլաններ կազմել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։
Նա բացատրեց, որ ընտրական վեճերն առավելագույն սեղմ ժամկետում պետք է քննվեն և որոշում կայացնեն, ինչը ՀՀ-ում կարծես 5 օր է, մինչդեռ Վանաձորում տևում է 2 տարի 9 ամիս և դեռ շարունակվում է։
«Այս անորոշ վիճակում դժվար է որևէ որոշում կայացնել կամ ծրագրեր կազմել։ Այս իրադրության մեջ պատկերացնել, թե ընտրությունների միջոցով տեղական ժողովրդական միջոցներով հնարավոր էր ինչ-որ բան անել, փաստորեն, հօդս են ցնդում և հասկանում ենք` պլաններ կազմելն անշնորհակալ գործ է»,- ասաց Ասլանյանը։
Հարցին, թե ուզո՞ւմ է նա դառնալ քաղաքապետ, Ասլանյանը պատասխանեց․ «Ես ինքնանպատակ ոչ մի բան չեմ ուզում, տիտղոսների ճանաչելիությամբ, պաշտոնամոլությամբ չեմ տառապում։ Ժողովրդին, որին արժանի եմ, ես դա էի ուզում լինել՝ ժողովրդի պարտադրանքով ու թելադրանքով, դա չի եղել։ Հիմա ինչ եմ ուզում՝ դա արդեն իմ ներսում»։