Աշոտյանն իմ բախտակից ընկերն է․ առաջ բրյուսելներում էինք հանդիպում, հիմա բանտի «վառանյոկներում»․ Մամիկոն Ասլանյան
Սա չարյաց փոքրագույնն է։ Այսպես որակեց Վանաձորի նախկին փոխքաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդումը։
«Այն պայմաններում, երբ մարդը հանիրավի 1 տարի 2 ամիս գտնվում է կալանքի տակ և հիմա տեղափոխվում է իր տուն ու գոնե իր ընտանիքի անդամների հետ կկարողանա շփվել, դա արդեն համարում եմ դրական»,- ասաց Ասլանյանը։
Մյուս կողմից էլ նա նկատում է, որ Աշոտյանը բոլոր առումներով բարձր տրամաչափի քաղաքական գործիչ է և նրա նկատմամբ իշխանության նման հնարքները կիրառելն անօգուտ է։ Ասլանյանի դիտարկմամբ` այս գործելաոճով իշխանություններն ավելի շատ փորձում են անձնական վնաս հասցնել, քանի որ օրինակ իր դեպքում, իր ու ընտանիքից բացի, ոչ ոք չի տուժել իր կալանավորմամբ։
«Աշոտյանն իմ բախտակից ընկերն է։ Առաջ եթե գործուղումների ժամանակ բրյուսելներում կամ մեկ այլ տեղ էինք հանդիպում, ապա հիմա հանդիպում էինք, կներեք, բանտային սլենգով ասեմ՝ վառանյոկներում, դատարաններում և դա արդեն իսկ ինձ համար անընկալելի ու անընդունելի էր»,- նշեց Ասլանյանը։