Ադրբեջանն անհանգստացած է՝ ՀՀ կառավարությունը մեր անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Անդրանիկ Քոչարյան
Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև Հայաստանի կառավարությունը և նրա զինված ուժերն իր ղեկավարությամբ իրականացնում են լայնածավալ ծրագրեր՝ մեր բոլորիս անվտանգության մակարդակը մի քանի աստիճանով բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի վերջին հայտարարություններին, թե իբր Հայաստանը սահմանին կուտակումներ ունի։
«Ամբողջ սահմանով ամրաշինական աշխատանքներ են տարվում: Ես դրանց անվանում եմ ամրոցներ, իսկ ամրոցների մեջ ծառայություն տանող անձնակազմը բավականին պաշտպանված է, իսկ պաշտպանված անձնակազով հակահարված տալը շատ դյուրին է լինելու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս առումով Ադրբեջանը բնական է, որ պետք է անհանգստացած լինի։
Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ առաջին պատերազմում Ադրբեջանն ունեցել է անհաջողություն՝ պարտություն տեսքով, իսկ 44-օրյա պատերազմում արձանագրեց հաջողություններ ու հիմա անհանգստացած է, թե ապագայում ինչ է լինելու։
«Մեր խնդիրը մեր անվտանգությունը բարձրացնելն է՝ նոր սպառազինությամբ, անձնակազմով և այն կառույցներով, որը մեզ ավելի վստահ կդարձնի խաղաղության օրակարգին հասնելու համար»,- ասաց Քոչարյանը: